Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԱՐՑ–ՊԱՏԱՍԽԱՆ

Այս էջում հրատարակված են հաճախորդների կողմից մեզ առավել հաճախակի տրվող հարցերը և դրանց պատասխանները: Բոլոր հարցերը և պատասխանները տեղակայված են համապատասխան բաժիններում` ըստ ապահովագրության տեսակների:

Եթե Դուք ունեք որևէ հարց, որի պատասխանը չեք գտնում այս էջում, ապա ուղղե՛ք այն մեր chat-ին, որը գտնվում է կայքէջի աջ անկյունում կամ զանգահարե՛ք 010-59-21-21 և մենք սիրով կպատասխանենք Ձեզ:

Ընդհանուր հարցեր

Ի՞նչպես ձեռք բերել ապահովագրական վկայագիր:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական ըկերությունն առաջարկում է ապահովագրական վկայագրի ձեռք բերման հետևյալ տարբերակներ.

  • Կարող եք այցելել ընկերության մոտակա գրասենյակ
  • Զանգահարել մեր շուրջօրյա զանգերի կենտրոն 010 59 21 21 հեռախոսահամարով և պատվիրել պայմանագիր

Ընկերության հյուրընկալ անձնակազմը կօգնի Ձեզ կնքել ապահովագրության տարբեր տեսակների պայմանագրեր, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ:

Ես ցանկանում եմ մանրամասն ծանոթանալ ապահովագրության տեսակներին և պայմաններին, սակայն խիստ զբաղված եմ և չեմ կարողանում ազատ ժամանակ գտնել Ձեր գրասենյակ այցելելու համար: Ինչո՞վ կարող եք օգնել ինձ:

Ընդամենը անհրաժեշտ է գրել մեր chat-ին, որը գտնվում է կայքէջի աջ անկյունում կամ զանգահարել 010 59-21-21 և մեր անձնակազմը մանրամասն կներկայացնի հետաքրքրող ապահովագրության տեսակների պայմանները:

Ո՞ր գրասենյակ է հարկավոր ներկայացնել փաստաթղթերը:

  • Առողջության, ճանապարհորդության ապահովագրության և տրանսպորտային պատահարի արդյունքում ստացված մարմնական վնասվածքի հետ կապված փաստաթղթերը ներկայացվում են ք. Երևան, Հրաչյա Քոչար 35/1  հասցեում գտնվող ոչ գույքային տեսակներով հայտերի կարգավորման կենտրոն
  • Գույքային ապահովագրության տեսակներով պատահարների մասով փաստաթղթերը ներկայացվում են ք. Երևան, Հրաչյա Քոչար 35/1  հասցեում գտնվող գույքային տեսակներով հայտերի կարգավորման կենտրոն
  • Մնացած բոլոր դեպքերում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ գլխամաս՝ ք. Երևան, Հանրապետության 51, 53
ԱՊՊԱ

Որքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի ապահովագրական ընկերության մասնագետը ժամանի դեպքի վայր:

Ապահովագրական ընկերության մասնագետը գրասենյակից դուրս է գալիս պատահարի ծանուցումը ստանաուց 15 րոպեների ընթացքում և հնարավորինս արագ հասնում է դեպքի վայր:

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ ԱՊՊԱ պատահար տեղի ունենալու դեպքում:

  • Վարորդի անձնագիր
  • Վարորդական իրավունքի վկայական
  • Մեքենայի գրանցման վկայական (մշտական կամ ժամանակավոր)
  • Սեփականատիրոջ անձնագիր (եթե վարորդը չի հանդիսանում սեփականատեր)
  • Հաշվեհամար, որին պետք է փոխանցվի գումարը
  • Մեքենայի առքուվաճառքի պայմանագիր (եթե առկա է)
  • Սեփականության վկայական կամ առքուվաճառքի պայմանագիր
  • Լիազորագիր (եթե սեփականատիրոջ փոխարեն հանդես է գալիս այլ անձ) նոտարական վավերացումը պատադիր չէ
  • Ճանապարհային ոստիկանության կողմից տրված համապատասխան փաստաթուղթ (եզրակացություն կամ որոշում) կամ համաձայնեցված հայտարարագիր (եթե վնասի չափը մինչև 200.000 ՀՀ դրամ է, եթե պատահարը տեղի է ունեցել Երևան քաղաքում, մարզերում՝ 100.000 ՀՀ դրամ)

Պարտադիր բանկային հաշվեհամար

Պարտադիր է արդյո՞ք ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս ներկայացնել հաշվեհամար։

Այո, քանի որ ապրիլի 1-ից ՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաների գծով ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա։

Ինչու՞ է վկայագրում նշված հաշվեհամարները համակարգը ճանաչում անվավեր, և ի՞նչ անել այդ դեպքում։

Հաշվեհամարները համակարգի կողմից չեն ընդունվում հիմնականում հետևյալ պատճառներով

  • Հաշվեհամարը թերի է, ոչ ամբողջական։ Այս դեպքում պետք է ստուգել մուտքագրված հաշվեհամարի ամբողջական և ճիշտ մուտքագրված լինելու փաստը։
  •  Հաշվեհամարի փոխարեն նշվել են քարտի վրայի թվերը։ Տվյալ քարտին կցված հաշվեհամարը կարող է ճշտվել համապատասխան բանկի բջջային հավելվածի միջոցով կամ անմիջականորեն բանկին դիմելու միջոցով։
  • Հաշվեհամարը չի պատկանում ապահովադրին։ Այս դեպքում ապահովադիրը պետք է դիմի բանկ՝ իր անվամբ հաշիվ բացելու համար կամ նոտարական կարգով լիազորի այլ անձի՝ ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում վճարվելիք գումարներն ստանալու համար՝ լիազորված անձի հաշվեհամարը մուտքագրելով համապատասխան դաշտում։
  • Հաշվեհամարը նոր է ստեղծվել և ՀՀ կենտրոնական բանկի ռեգիստրում դեռևս չեն արտացոլվել տվյալները։ Բյուրոյի տեղեկություններով՝ այդ տվյալներն արտացոլվում են բացվելուց հետո՝1-3 աշխատանքային օրվա ընթացքում։ Այս մասով՝ առաջարկում ենք բանկային հաշիվ նոր բացած հաճախորդները դիմեն տվյալ բանկ՝ համապատասխան տվյալների փոխանցումը հնարավորինս արագ կազմակերպելու խնդրանքով՝ նշելով հաշվի բացման նպատակը։
  • Հաշվետիրոջ ՀԾՀ-ն ՀՀ ԿԲ ռեգիստրում բացակայում է (հաշիվ բացելիս ապահովադիրը չի ունեցել կամ չի տրամադրել բանկին), կամ լրացված է նրան պատկանած այլ ՀԾՀ։ Այս դեպքում ապահովադիրը պետք է դիմի բանկ՝ խնդրելով ռեգիստր փոխանցել պայմանագրի կնքման օրվա դրությամբ իր մոտ առկա ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը։

ԱՊՊԱ պայմանագրի կնքման հետ կապված հարցեր

Պարտավո՞ր եմ կնքել ԱՊՊԱ պայմանագիր ավտոմեքենան չշահագործելու դեպքում։

Քանի դեռ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառված է ՀՀ-ում՝ ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ավտոմեքենան փաստացի գտնվում է ՀՀ  տարածքներից դուրս, որի դեպքում ԱՊՊԱ պայմանագրի կնքման անհրաժեշտությունը բացակայում է: Այն դեպքում, երբ ավտոտրանսպորտային միջոցը չի շահագործվում, տուգանքներից խուսափելու համար առաջարկում ենք դիմել ճանապարհային ոստիկանություն՝ ավտոտրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու նպատակով, որն անվճար գործընթաց է։

Ի՞նչ տուգանքներ են սահմանված ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում։

ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր, առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5 000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 ՀՀ դրամի չափով, իսկ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված  գործող ԱՊՊԱ  պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100 000 ՀՀ դրամի չափով:

Ո՞րքան ժամկետով է հնարավոր կնքել ԱՊՊԱ պայմանագիրը։

ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 3 ամիս ժամկետով, բացառությամբ ՀՀ մաքսային օրենսգրքով նախատեսված «տարանցիկ փոխադրում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի համար ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ավտոտրանսպորտային միջոցների, որոնց վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիրը կնքվում է նվազագույնը 10 օր ժամկետով: Միևնույն ժամանակ ԱՊՊԱ պայմանագիրը կարող է կնքվել առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Փորձել եմ առցանց կնքել ԱՊՊԱ պայմանագիր։ Արդյունքում գումարը գանձվել է, սակայն ԱՊՊԱ պայմանագիրը չի կնքվել։ Ու՞մ պետք է դիմել։

Բացառիկ դեպքերում տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ այդպիսի դեպքեր հանդիպում են, ուստի ԱՊՊԱ պայմանագրի կնքումից հետո մշտապես ստուգեք պայմանագրում Ձեր կողմից նշված էլեկտրոնային փոստը, և կնքված պայմանագիրը չստանալու դեպքում դիմեք այն ապահովագրական ընկերությանը, ում հետ կնքել եք պայմանագիրը, քանի որ միայն վերջինին է պատկանում փոխանցված գումարը վերադարձնելու իրավասությունը։

Ինչպե՞ս պարզեմ, թե ո՞ր ապահովագրական ընկերության հետ է կոնկրետ ժամանակահատվածում կնքված եղել տվյալ տրանսպորտային միջոցի ԱՊՊԱ պայմանագիրը։

Տեղեկատվությունն ստանալու համար կարող եք այցելել  https://aswa.am/vehicle-insurance հղումով։

Ինչպե՞ս կարող եմ փոխել ապահովագրական ընկերությունն, ում հետ ԱՊՊԱ պայմանագիր ունեմ կնքված։

Անհրաժեշտ է ԱՊՊԱ պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դիմում ներկայացնել պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ ապահովադրի կողմից պայմանագիրը միակողմանիորեն դադարեցվելու դեպքում պայմանագրի գործողության չլրացած ժամկետի համար վճարված ապահովագրավճարը կարող է վերադարձվել մասնակի։ Դիմումի ներկայացման կարգը և պայմանները սահմանված են «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների  Հավելված 4-ով, որին կարող եք ծանոթանալ https://www.appa.am/datas/zlawdocs/c4f7d1abe6299aacb4717b2cc3f60010.pdf   հղումով։

 

ԱՊՊԱ ոլորտում պատահարների հետ կապված հարցեր


Արդյո՞ք
 անհրաժեշտություն կա պատահարի վայրից զանգահարել և ապահովագրական ընկերությանը տեղեկացնել պատահարի մասին, եթե օրինակ մյուս կողմը արդեն իսկ զանգահարել և տեղեկացրել է պատահարի մասին:

Պատահարում ներգրավված բոլոր վարորդները, անկախ իրենց մեղքն ընդունելու կամ չընդունելու հանգամանքից կամ մյուս վարորդի գործողություններից, պարտավոր են ԱՊՊԱ պատահարը տեղի ունենալուն հաջորդող 40 րոպեի ընթացքում  իրենց կողմից վարած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ կնքված ԱՊՊԱ պայմանագրի վկայագրի վրա նշված՝ պատահարի տեղեկացման համար նախատեսված հեռախոսահամարով պատահարի մասին տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերությանը: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ պատահարը գրանցվել է ԱՄՄՊ (ASWA) բջջային հավելվածի միջոցով, որի ժամանակ զանգահարելու անհրաժեշտություն չկա, բայց միևնույն ժամանակ պատահարը հավելվածի միջոցով պետք է գրանցվի ևս վերոհիշյալ 40 րոպեների ընթացքում:

Կարևոր է`

Որևէ վարորդի կողմից նշված ժամկետում և կարգով ապահովագրական ընկերությանը տեղեկացնելու իր պարտավորությունը չկատարելու դեպքում հետագայում տվյալ վարորդի մեղքով տուժողներին պատճառված վնասը հատուցելուց հետո տվյալ ապաապահովագրական ընկերությունն իրավունք կստանա վճարված հատուցման գումարը հետ պահանջել ինչպես տվյալ վարորդից, այնպես էլ վերջինի կողմից վարված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջից:

ԱՊՊԱ ոլորտում հատուցումների հետ կապված հարցեր 

 

Որտե՞ղ պետք է ներկայացնել ապահովագրական հատուցման դիմումը։

Ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը ներկայացվում է https://online.ingoarmenia.am/ կայքի “Հատուցումներ” բաժնում, դիմելով ընկերության գրասենյակ կամ զանգահարելով ՝ +374 10 592121 հեռախոսահամարով։ Իսկ ԱՊՊԱ պայմանագրի բացակայության դեպքում՝ տվյալ պատահարում ներգրավված ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ պատահարի պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններից ցանկացածին՝ Ձեր նախընտրությամբ, իսկ վերջինների բացակայության դեպքում՝ Ձեր նախընտրությամբ այլ ցանկացած ապահովագրական ընկերության։

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել հատուցման դիմում գրելիս։

Ապահովագրական հատուցում ստանալու համար ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկը սահմանված է «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների  Հավելված 5-ով, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://www.appa.am/datas/zlawdocs/c4f7d1abe6299aacb4717b2cc3f60010.pdf։

Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել, եթե տեղի ունեցած պատահարի վերաբերյալ պատահաբար սխալ տվյալներ են արձանագրվել։

Անհրաժեշտ է լրացնել «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոնների հավելված 1-ի Ձև 11-ով նախատեսված տեղեկատվության ճշգրտման վերաբերյալ հայտարարություն և այն ներկայացնել Ինգո Արմենիա ընկերությանը՝ տվյալների փոփոխությանը Ձեզ հետ վերաբերող գործընթացների շրջանակներում համաձայնություն տալու համար։

Արդյոք հատուցվու՞մ են վարորդի մարմնական վնասվածքներն ինքնավթարի դեպքում։

Ինքնավթարի դեպքում վարորդի և ավտոմեքենայի սեփականատիրոջ ինչպես գույքին, այնպես էլ կյանքին և առողջությանը պատճառված վնասները չեն հատուցվում ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում։

 

Ինչպե՞ս է կարգավորվում հատուցման գործընթացը, եթե վնաս պատճառող տրանսպորտային միջոցը կամ դրա վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու պարտավորություն ունեցող անձն անհայտ է։

Տվյալ դեպքում հատուցման ենթակա են միայն տուժողներին պատճառված անձնական վնասները (առկայության դեպքում), իսկ պատահարի հետևանքով առաջացած գույքային վնասները ԱՊՊԱ համակարգում կարող են հատուցվել միայն այն դեպքում, երբ իրավասու մարմինների կողմից կհայտնաբերվի պատահարին մասնակից մեղավոր վարորդը։

Ի՞նչ գործընթաց է տեղի ունենում, եթե ԱՊՊԱ պատահարում մեղավոր կողմը պատահարի պահին չի ունենում ԱՊՊԱ պայմանագիր։ Ու՞մ  նկատմամբ է Բյուրոն կիրառում հետադարձ պահանջի իրավունքը։

Եթե վնասը պատճառվել է այն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ, որի վերաբերյալ կնքված չէ ԱՊՊԱ պայմանագիր, ապա Բյուրոն տուժողին վճարված հատուցման գումարի, ինչպես նաև հատուցման կարգավորման և դրանց հետստացման ուղղությամբ կատարված ծախսերի չափով հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում և վնաս պատճառած անձի, և վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, ովքեր  Բյուրոյի նկատմամբ հանդես են գալիս որպես համապարտ պարտապաններ:

Կրկնակի փորձաքննության ընթացակարգ

       

Համաձայն չեմ պատահարի առաջացման պատճառների կամ գույքին պատճառված վնասների վերաբերյալ առաջնային և/կամ լրացուցիչ փորձաքննության եզրակացության հետ։ Ինչպե՞ս բողոքարկեմ։

      Առաջնային փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն պահանջելու միջոցով, իսկ լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը կարող է բողոքարկվել միայն կրկնակի փորձաքննություն պահանջելու միջոցով։ Նշված պահանջները պետք է ներկայացվեն բողոքարկվող փորձագիտական եզրակացությունը Ձեզ  ծանուցած ապահովագրական ընկերության միջոցով  սահմանված ձևի վրա ծանուցումն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան 2 (լրացուցիչ փորձաքննության պահանջի դեպքում) և 5 (կրկնակի փորձաքննության պահանջի դեպքում) աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում, կրկնակի փորձաքննության պահանջի դեպքում հիշյալ ժամկետում պետք է վճարվի նաև կրկնակի փորձաքննության համար սահմանված վճարը

     

Համաձայն չեմ կրկնակի փորձաքննության եզրակացության հետ։ Ինչպե՞ս բողոքարկեմ։

Կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով։

Դիմել եմ կրկնակի փորձաքննության իրականացման համար։ Քանի՞ օրում է իրականացվում տրանսպորտային միջոցի զննությունը։

Վնասված գույքի զննության իրականացման համար սահմանված է 3 աշխատանքային օր, որի հաշվարկն սկսվում է կրկնակի փորձաքննության նշանակման մասին ծանուցումը Ձեզ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից։

Ապահովագրավճարի չափը և Բոնուս-Մալուս համակարգը

 

Ինչպե՞ս կարող եմ ես ինքս իմանալ իմ ապահովագրավճարի չափը։

Յուրաքանչյուր ապահովադիր, վարորդ ինքնուրույն կարող է հաշվել իր ապահովագրավճարը Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների  ինտերնետային կայքում տեղադրված հաշվիչի միջոցով:

Ինչպե՞ս իմանալ որքան է կազմում ապահովագրավճարը կատարված փոփոխություններից հետո։

Համաձայն 2022 թվականի փետրվարի 7-ից ուժի մեջ մտած փոփոխության՝

  • ապահովադրի կողմից տվյալ ավտոմեքենայի գծով կնքված վերջին ԱՊՊԱ պայմանագրում նշված բազային ապահովագրավճարն ավելացել է3000 ՀՀ դրամով
  • նման պայմանագրի բացակայության դեպքում բազային ապահովագրավճարը41 հազար ՀՀ դրամ է։

Վերը նշված բազային ապահովագրավճարը բազմապատկվում է ապահովադրի վաստակած Բոնուս-Մալուս դասին համապատասխանող գործակցով։

Բոնուս-Մալուս դասը կիրառվում է սեփականատիրո՞ջ, թե՞ վարորդի նկատմամբ։

Բոնուս-Մալուս  համակարգը կիրառվում է այն անձի (ապահովադրի) նկատմամբ, ում անունից կնքվել է տվյալ տրանսպորտային միջոցի ԱՊՊԱ պայմանագիրը, որի կարգավիճակում դեպքերի մեծամասնությունում հանդես է գալիս տրանսպորտային միջոցի սեփականատերը։

Ինձ համար հասկանալի չէ իմ Բոնուս-Մալուս  դասի  հաշվարկը, և ես ունեմ որոշակի անհամաձայնություններ։

Անհրաժեշտ է սահմանված ձևով ապահովագրական պատմության վերանայման դիմում ներկայացնել Ձեր տրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը վերջին անգամ ապահովագրած ապահովագրական ընկերությանը՝ դիմումում նշելով ապահովագրական պատմությունում արտացոլված այն տեղեկատվությունը, որի հետ կապված ունեք անհամաձայնություններ, և Ձեր նկատառումները դրա վերաբերյալ։

Մեկ վթարի դեպքում, եթե ունեմ մեկ տրանսպորտային միջոց, որքա՞ն է թանկանալու ապահովագրավճարս կատարված փոփոխություններից հետո։

2022 թվականի մարտի 1-ից հետո տեղի ունեցած վթարների դեպքում մեղավոր կողմի Բոնուս- Մալուս դասի փոփոխությունը պայմանավորված է ոչ միայն իր կնքած պայմանագրի շրջանակներում տեղի ունեցած հատուցումների քանակով, այլև՝ հատուցված գումարի չափով։

Այսպես, մինչև 100․000 դրամ հատուցված գումարի չափի դեպքում մալուսային դասն ավելանում է 3 դասով

100.001-200.000 դրամ՝ 4 դասով

200.001-500.000 դրամ՝ 5 դասով

500.001-1.000.000 դրամ՝ 6 դասով

1.000.001-1.800.000 դրամ՝ 7 դասով

1.800.001-ից ավել դրամ՝ 8 դասով

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝  https://www.appa.am/index.php?al=bonus_malus

 

Եթե նոր մեքենա գնեմ ու ապահովագրեմ, ապա նախկին մեքենայի ապահովագրական պատմությու՞նն են հաշվի առնելու ապահովագրավճար սահմանելիս:

Ոչ, Բոնուս-Մալուս համակարգում դիտարկվում է միայն սեփականատիրոջ ապահովագրական պատմությունը: Օրինակ, եթե Դուք գնել եք մեքենա, որով նախկինում գրանցվել են ապահովագրական դեպքեր, ապա այդ դեպքերը Ձեր ապահովագրավճարի վրա որևէ ազդեցություն չեն ունենալու:

 

Եթե որոշակի ժամանակ չունենամ ԱՊՊԱ պայմանագիր, այսինքն` մեքենա չունենամ, հետո նորից մեքենա ձեռք բերեմ ու ԱՊՊԱ կնքեմ, ո՞նց է հաշվարկվելու ապահովագրավճարը, իմ նախկին ապահովագրական պատմությունը հաշվի առնվելու՞ է:

Այո,  Ձեր` որպես ապահովադրի ապահովագրական պատմությունը հաշվի է առնվում ։

Բոնուս-Մալուս համակարգի հաշվարկման հիմքում ո՞ր թվականից սկսված պատմությունն է դրվում։

Բոնուս-Մալուս համակարգի հաշվարկման հիմքում դրվում է 2012 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ընկած ժամանակահատվածում որպես լիազորված տիրապետող (մինչև 2016 թվականի սեպտեմբերի 1-ը) և (կամ) ապահովադիր ձևավորված պատմությունը։:

 

Եթե ապահովագրական ընկերությունը փոխեմ, ինչպե՞ս է տեղեկատվությունը փոխանցվելու իմ ապահովագրական պատմության վերաբերյալ:

ԱՊՊԱ համակարգում գործում է  միասնական ԱՊՊԱ տեղեկատվական համակարգ, որում պահվում է  Ձեր ապահովագրական պատմության վերաբերյալ տեղեկատվություն անկախ ապահովագրական ընկերությունից: Տեղեկատվությունը  փոխանցվում է այն ապահովագրական ընկերությանը, ում հետ Դուք մտադիր եք կնքել ԱՊՊԱ պայմանագիր:

 

Ես իրավունք ունեմ ի սկզբանե պայմանագիր կնքելիս հրաժարվել օգտվել Բոնուս- Մալուս համակարգից, թե՞ այն պարտադիր է, ինչպես ինքը` ԱՊՊԱ-ն:

Բոնուս- Մալուս համակարգը պարտադիր գործում է` անկախ ապահովադրի  ցանկությունից:

Ամենաշատը ինչքա՞ն կարող է ավելանալ ապահովագրավճարը, և ո՞ր դեպքերում:

Ձեր ապահովագրավճարը առավելագույնը կարող է եռապատկվել: Ընդ որում, դա կարող է տեղի ունենալ բացառիկ դեպքերում, էականորեն վատ ապահովագրական պատմություն (այնպիսի ԱՊՊԱ պատահարներում ներգրավվել, որի հետևանքով իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տրվել է հատուցում երրորդ անձին՝ այդպիսի յուրաքանչյուր դեպքի համար ստանալով մալուս՝ կախված այդ հատուցման գումարի չափից) վաստակելու դեպքում։

Օրինակ՝

Ենթադրենք ԱՊՊԱ համակարգ նոր մուտք գործած սպառողը մեկ տարվա ընթացքում ունեցել է երկու պատահարի գծով մեղավորություն, որոնցից յուրաքանչյուրի հատուցումը մեկ միլիոն  ՀՀ դրամից ավել է, ապա այդ սպառողի ապահովագրավճարը կեռապատկվի։

Մեկ տարվա ընթացքում, ապահովագրավճարը կարող է եռապատկվել, անգամ, երբ  փոխհատուցված գումարի չափը չի գերազանցում մեկ միլիոն ՀՀ դրամը այն դեպքում, երբ սպառողը նվազագույնը երեք պատահար ունենա իր մեղավորությամբ, որոնցից գոնե երկուսը կլինեն՝ 200․000-500․000 ՀՀ դրամի սահմաններում, մյուսը` 100.000-200.000 ՀՀ դրամի սահմաններում։

Բոնուսի համար 3%-ը շատ փոքր թիվ է:

Բոնուսի չափը ԱՊՊԱ պատահարներ չունենալու պարագայում տարեց տարի ավելանում է. Այսպես. յուրաքանչյուր

365 պայմանագրային օրվա ընթացքում Ձեր պատճառով հատուցման որոշում չընդունվելու դեպքում Դուք կստանաք

բոնուս:Այսինքն` եթե Դուք տվյալ տարում 3%ի չափով բոնուս եք ունեցել, ապա հաջորդ տարի պատահար չունենալու դեպքում

Դուք կունենաք արդեն 6% զեղչ, նախկին 3-ի փոխարեն, և եթե նման կարգապահությունը շարունակական լինի, ապա հետագա տարիներին Ձեր Բոնուսի չափն

ավելի մեծ քայլերով կմեծանա և 9 տարի հետո կհասնի առավելագույնը 50%:

Եթե ապահովագրական ընկերությունը սխալ է հաշվում ապահովագրավճարը, ու՞մ դիմեմ:

Եթե կարծում եք, որ ապահովագրական ընկերությունը ճիշտ չէ հաշվել Ձեր ապահովագրավճարը, ապա նախ` խնդրեք ապահովագրական ընկերությանը նորից հաշվել այն և բացատրել Ձեզ: Անհամաձայնությունը չլուծվելու դեպքում կարող եք դիմել Բյուրո` հետագա գործողությունների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար: Եթե ապահովագրավճարի չափի հաշվարկի հետ Ձեր անհամաձայնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ձեզ վերագրվել է Ձեր ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում տեղի չունեցած վթար կամ չի տրամադրվել Բոնուս, ապա Դուք կարող եք վերանայման դիմում լրացնել ցանկացած ապահովագրական ընկերությունում, իսկ վերջինի արդյունքները Ձեզ չբավարարելու դեպքում բողոքարկման դիմում ներկայացնել Բյուրո: Բյուրոյի էլ․հասցեն է՝ info@appa.am, հեռախոսահամարը՝  (011)551755:

Տրանսպորտային միջոցների ապահովագրություն

Ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահար:

Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է.

  • Անհապաղ հայտնել համապատասխան իրավասու պետական մարմիններին
    1. Ճանապարհատրանսպորտային պատահար` ՀՀ ճանապարհային ոստիկանություն 1-77, 010 52-27-63
    2. Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ` ՀՀ ոստիկանություն  1-02
    3. Հրդեհ, պայթյուն` Հրշեջ ծառայություն 1-01
    4. Տարերային աղետներ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  911
    5. Մարմնական վնասվածքներ` Շտապ բուժօգնության ծառայություն 1-03
  • Անհապաղ զանգահարել 010 59-21-21 և պատահարի մասին տեղեկացնել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ և հետևել մասնագետի ցուցումներին
  • Չտեղաշարժել ՏՄ-ն մինչև իրավասու մարմինների և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ մասնագետների ժամանումը
  • Նշել պատահարում ներգրավված այլ ՏՄ-ների պետհամարանիշները
  • Հնարավորության դեպքում նկարահանել (բջջային հեռախոսով) պատահարի վայրը և ավտոմեքենաների դիրքերը
  • Կտրականապես զերծ մնալ մեղավորություն ճանաչելուց կամ այլ պայմանավորվածություններից
  • Ստորագրելուց առաջ մանրամասն կարդալ պատահարի վերաբերյալ իրավասու մարմնի կողմից կազմված վթարային և այլ փաստաթղթերը
  • ՀՀ ՃՈ կամ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ աշխատակցի ցուցումով անցնել սթափության զննություն:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրական հայտ ներկայացնելու համար:

Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հիմնական փաստաթղթերը`

  • Ապահովագրական հատուցման դիմում
  • Ապահովագրության պայմանագիր
  • Անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականը՝ ղեկավար անձի տվյալները պարունակող ներդիրով)
  • Լիազորագիր, եթե դիմում է ոչ սեփականատերը
  • Վարորդի վարորդական իրավունք և անձնագիր
  • ՏՄ հաշվառման վկայագրի (տեխնիկական անձնագրի) բնօրինակ կամ հաստատված կրկնօրինակ, եթե ՏՄ գտնվում է արգելանքի տակ

Ինչպես նաև.

  • ՃՏՊ-ի դեպքում՝
    • Հատուցման ստանդարտ ընթացակարգ
      • Վարորդի սթափության զննության արձանագրություն (բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերության ներկայացուցիչը ազատել է վարորդին նման քննություն անցնելու պարտականությունից)
      • Պատահարի տեղի ունենալու փաստը հաստատող փաստաթուղթ (ՃՈ եզրակացություն և/կամ քննիչի որոշում)
      • ՃՏՊ սխեմա` կազմված ՃՈ կողմից
      • Վարորդի կամ վարորդների բացատրություններ
      • Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացություն*
      • Հետքաբանական փորձաքննության եզրակացություն*

*Ընկերության պահանջի դեպքում

  • Հատուցման պարզեցված (արագացված) ընթացակարգ՝
    1. Միայն վերը նշված հիմնական փաստաթղթերը
  • Հրդեհի դեպքում՝
    1. Հրդեհատեխնիկական փորձաքննության եզրակացություն
  • Առևանգման դեպքում՝
    1. ՏՄ փականների բանալիների բնօրինակների ամբողջ հավաքածուն
    2. Պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդագրության փաստը արձանագրող կտրոն
    3. Քրեական գործ հարուցելու մասին որոշում
    4. Քրեական գործի քննության արդյունքների վերաբերյալ որոշում
  • Երրորդ անձանց հակաօրինական գործողությունների դեպքում՝
    1. Պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդագրության փաստը արձանագրող կտրոն
    2. Քրեական գործ հարուցելու մասին որոշում
    3. Քրեական գործի քննության արդյունքների վերաբերյալ որոշում
  • Տարերային աղետների դեպքում՝
    1. Պատահարի փաստը հավաստող տեղեկանք` տրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կամ օդերևութաբանական ծառայության կամ այլ լիազոր մարմինների կողմից:

Ապահովագրական հատուցման դիմումն անհրաժեշտ է ներկայացնել պատահարից հետո 60 օրվա ընթացքում, իսկ մնացած փաստաթղթերը՝ հատուցման դիմումի ներկայացվան օրվանից հետո 60 օրվա ընթացքում:

Ի՞նչ առավելությունների ունի «Հատուցման արագացված վարույթը»:

«Ապահովագրական գործի քննության և ապահովագրական հատուցման իրականացման արագացված վարույթը» հնարավորություն է տալիս կարգավորել ավելի պարզ պատահարները, առանց համապատասխան իրավապահ մարմինների ներգրավման և առանց հավելյալ  փորձաքննության անցկացման, պատահարից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն վարույթը կիրառվում է բացառապես այն դեպքերում, երբ դրա կիրառմանը չի առարկում Ապահովադիրը (Շահառուն կամ լիազորված վարորդը):

Ձեր ընկերության ԿԱՍԿՈ ապահովագրության վկայագիրը միայն Հայաստանի Հանրապետությունու՞մ է գործում:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ԿԱՍԿՈ ապահովագրության վկայագրի գործողությունը չի սահմանափակվում միայն Հայաստանի Հանրապետության տարածքով: Այն ներառում է նաև համախառն 30 օր ծածկույթ ամբողջ աշխարհում:

Սա մեր Ընկերության մրցակցային առավելություններից մեկն է:

Արդյո՞ք ԿԱՍԿՈ ապահովագրությունը տրամադրում է ապահովագրական ծածկույթ լրացուցիչ սարքավորումների համար, թե՞ դրանք պետք է առանձին ապահովագրել:

Լրացուցիչ սարքավորումները ապահովագրվում են առանձին` ի լրումն ԿԱՍԿՈ ապահովագրության: Սակայն այդ սարքավորումները ենթակա չեն ապահովագրության, եթե ապահովագրված չէ տրանսպորտային միջոցը, որին դրանք պատկանում են:

Ես կնքել եմ տրանսպորտային միջոցների ապահովագրության պայամանգիր Ձեր ընկերության հետ: Բացի ինձանից ո՞վ իրավունք ունի վարել իմ մեքենան` առանց ապահովագրության վրա որևէ ազդեցության:

Համաձայն տրանսպորտային միջոցների ապահովագրության կանոնների` Ձեր տրանսպորտային միջոցը կարող է վարել այն անձը ում Ձեր պայմանագրում նշել եք որպես լիազորված վարորդ:

Արդյո՞ք մեքենայի գիշերային կայանի վայրը ազդում է ապահովագրության վճարի չափի վրա:

Ապահովագրության վճարի չափի վրա ազդում են մի շարք գործոններ, որնցից են հակաառևանգման համակարգի առկայությունը, տրանսպորտային միջոցի շահագործման վայրը, հիմնական կայանատեղերում տեսաձայնագրող սարքերի առկայությունը, այդ թվում նաև գիշերային կայանի վայրը:

Գույքի ապահովագրություն

Ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահար:

Եթե Ձեր գույքը վնասվել է կամ ոչնչացվել է ամբողջությամբ, ապա պատահարից անմիջապես հետո անհրաժեշտ է`

  • Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները վնասները կանխելու կամ նվազեցնելու և ապահովագրված գույքը փրկելու նպատակով,
  • Անհապաղ զանգահարել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերություն 010 59 21 21 հեռախոսահամարով, հայտնել պատահարի մասին և հետևել մասնագետի ցուցումներին,
  • Պատահարի մասին տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին (իրավապահ մարմիններ, հրշեջ ծառայություն, համայնքի ինժեներ),
  • Նկարահանել վնասված գույքը,
  • Չիրականացնել որևէ գործողություն, որը կփոփոխի վնասված գույքի պատկերը (եթե գործողությունները չեն ձեռնարկվել վնասի չափը նվազեցնելու կամ կանխելու նպատակով),
  •  Եթե գույքը վնասվել է այլ անձանց մեղքով` խստորեն արգելվում է ձեռք բերել որևէ համաձայնություն առանց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության համաձայնության:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրական հայտ ներկայացնելու համար:

Պատահարի վերաբերյալ ապահովագրական հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

1.Հրդեհի դեպքում

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում,
  • Ապահովագրական վկայագիր,
  • Հրդեհը հավաստող արձանագրություն,
  • Հրդեհի պատճառի մասին փորձագիտական եզրակացություն,
  • Վնասի չափը հաստատող փաստաթղթեր,
  • Գույքի սեփականատիրոջ անձնագրի պատճեն,
  • Գույքի սեփականաշնորհման վկայականի պատճեն:

2. Գողության կամ երրորդ անձանց հակաօրինական գործողությունների դեպքում

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում,
  • Ապահովագրական վկայագիր (պայմանագիր),
  • Գողության հայտարարագիր (ծանուցման կտրոն),
  • Քննիչի նախնական որոշումը քրեական գործ բացելու/չբացելու վերաբերյալ,
  • Գույքի սեփականաշնորհման վկայականը (բնօրինակ կամ հաստատված կրկնօրինակ, եթե գույքը գտնվում է արգելանքի տակ),
  • Քրեական գործի հետաքննության արդյունքների վերաբերյալ ոստիկանությունից ստացված վերջնական որոշում,
  • Վնասի չափը հաստատող փաստաթղթեր:

3. Տարերային աղետների դեպքում

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում,
  • Ապահովագրական վկայագիր,
  • Գույքի սեփականաշնորհման վկայականի և սեփականատիրոջ անձնագրի պատճեները,
  • Պատահարը հավաստող տեղեկանք` տրված օդերևութաբանական ծառայությունների կամ այլ լիազոր մարմինների կողմից,
  • Վնասի չափը հաստատող փաստաթղթեր:

4. Ջրից վնասվելու դեպքում

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում,
  • Ապահովագրության վկայագիր ,
  • Պատահարը հավաստող արձանագրություն` տրված համապատասխան լիազոր մարմնի կողմից,
  • Պատահարի պատճառի մասին փորձագիտական եզրակացություն,
  • Վնասի չափը հաստատող փաստաթղթեր,
  • Գույքի սեփականատիրոջ անձնագրի պատճեն,
  • Գույքի սեփականաշնորհման վկայականի պատճեն:

Ի՞նչ ժամկետներում է վճարվում ապահովագրական հատուցումը:

Մեր ընկերությունում ապահովագրական հատուցումը վճարվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օրվանից սկսած առավելագույնը 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Ճամփորդության ապահովագրություն

Ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահար:

Արտերկրում ուղևորության ժամանակ տեղի ունեցած ապահովագրական պատահարների դեպքում անհրաժեշտ է`

  • Պատահարի մասին տեղեկացնել պատահարի վայրի համապատասխան իրավասու մարմիններին (հյուրանոցի ադմինիստրացիային, տրանսպորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին, տեղական իրավապահ մարնիններին) և տեղեկացնել ապահովագրության առկայության մասին,
  • Անմիջապես զանգահարել ծառայողական կենտրոն և տեղեկացնել պատահարի մասին` Ապահովագրական վկայագրի առաջին էջում նշված հեռախոսահամարով (+7 495 258 85 59) կամ կապնվել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ,
  • Ծառայողական կենտրոնի աշխատակիցներն անմիջապես կարձագանքեն և կկազմակերպեն համապատասխան բժշկական օգնությունը,
  • Պայմանագրով հատուցվող ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած բոլոր ծախսերը իրականացվում են ծառայողական (ասիստանս) կենտրոնի կողմից և հատուցվում են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության կողմից:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրական հայտ ներկայացնելու համար:

Եթե ապահովագրական պատահարից հետո ծառայողական կենտրոն զանգահարելու հնարավորություն չի եղել, ապա պատահարի մասին հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է արտերկրից վերադառնալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում, որտեղ մանրամասն պետք է նշված լինեն`
    1. պատահարի հանգամանքներ և բնույթը
    2. արտասահմանյան ուղևորության ժամկետները
    3. պատահարի պատճառները
    4. պատահարից անմիջապես հետո ծառայողական կենտրոն չզանգահարելու պատճառները
  • Ապահովագրական վկայագրի պատճենը (պահանջի դեպքում նաև բնօրինակը),
  • բժշկական փաստաթղթեր, որոնք պարունակում են տեղեկատվություն ապահովագրված անձի դիմելու ամսաթվի և առողջական վիճակի, բժշկական օգնության, տևողության և այլնի վերաբերյալ,
  • տվյալ հիվանդության հետ կապված բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսերը, որոնք պետք է ներառեն դեղատան կնիքը և ձեռք բերված դեղամիջոցների գները,
  •  բժշկի կողմից նշանակված լաբորատոր-գործիքային հետազոտությունների ցանկը, դրանց արդյունքները, յուրաքանչյուր ծառայության համար առանձին նշված գնով և ամսաթվով,
  • մատուցված ծառայությունների համար բժշկական հաստատության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի բնօրինակը, որը պետք է ներառի Ապահովագրված անձի ազգանունը, բժշկական եզրակացությունը, բուժօգնության համար դիմելու ամսաթիվը, բուժման տևողությունը, տրամադրված ծառայությունների ցանկը` դասակարգված ըստ գնի և տևողության, ծառայությունների ընդհանուր արժեքը,
  • դեղամիջոցների, բուժման և այլ ծառայությունների համար կատարված վճարումները հավաստող փաստաթղթեր,
  •  ապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ:

Ես գնել եմ ուղևորության ապահովագրության վկայագիր, սակայն ուղևորությունը ձախողվել է: Արդյո՞ք կարող եմ դադարեցնել ապահովագրության վկայագիրը և վերադարձնել վճարված գումարները:

Իհարկե ապահովագրության վկայագիրը հեշտությամբ կարող է դադարեցվել և ճանաչվել անվավեր: Սակայն հարկ է նշել, որ.

  • Ընկերությունը վերադարձնում է ապահովագրավճարը վկայագրի գործողության չլրացված օրերի համար:
  • Ընկերությունը չի վերադարձնում ապահովագրավճարը, եթե Ապահովագրված անձը չի ուղևորվել այն պետություն, որը նշված է ապահովագրության Վկայագրում և նրա մոտ առկա է տվյալ երկրի գործող վիզա (մուտքի արտոնագիր), ինչպես նաև այն դեպքում երբ ապահովագրված անձը հայտնում է իր չուղևորվելու մասին` Վկայագրում նշված ապահովագրության ժամկետի ավարտից հետո:
  • Ընկերությունը ամեն դեպքում ապահովագրավճարից պահում է 1.000 ՀՀ դրամ (գործավարման ծախսեր), եթե ուղևորության չկայանալու մասին նա տեղեկացվել է մինչ վկայագրի գործողության սկիզբը:

Ի՞նչ է հարկավոր ապահովագրության վկայագիր ձեռք բերելու համար:

Ուղևորության ապահովագրության վկայագրի ձեռքբերման համար անհրաժեշտ են  ուղևորվող անձի անձնագրային տվյալները և ուղևորության հստակ ժամկետները: Վկայագրի թողարկումը կտևի ընդամենը 5 րոպե:

Կամավոր բժշկական ապահովագրություն

Ո՞ր բժշկական հաստատությունների հետ է համագործակցում Ձեր ընկերությունը:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ համագործակցում է  Երևանում և ՀՀ տարածքում գործող լիցենզավորված բժշկական հաստատությունների հետ: Եթե Դուք ապահովագրված եք մեր Ընկերությունում, ապա կարող եք ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն ցանկացած արտոնագրված բժշկական հաստատությունում:
Սպասարկման բարձր որակի ապահովման համար խնդրում ենք մինչ բժշկին դիմելը խորհրդակցել մեր բժիշկ-փորձագետի հետ:

Ո՞ր բժշկական կենտրոնների հետ է համագործակցում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ համագործակցում է Երևան քաղաքի,  ՀՀ մարզային, ինչպես նաև ԼՂՀ տարածքում գտնվող բոլոր բժշկական կենտրոնների հետ:

Բեռնափոխադրումների ապահովագրություն

Ի՞նչ անել եթե տեղի է ունեցել պատահար:

Ապահովագրված բեռը ստանալիս առաջին հերթին համոզվեք`

  • բեռի քանակի,
  • փաթեթավորման ամբողջականության,
  • կապարակնիքի պահպանվածության մեջ:

Եթե կհայտնաբերեք որևէ խախտում կամ վնասվածք, ապա անմիջապես`

  • Պարզեք վնասի պատճառները և ձեռնարկեք միջոցառումներ հետագա կորուստները կանխելու նպատակով,
  • Զանգահարեք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերություն և հայտնեք պատահարի մանրամասները,
  • Տեղեկացրեք իրավասու մարմիններին վնասվածքների հայտնաբերման մասին,
  • Գողության դեպքում ամիջապես հայտնեք իրավապահ մարմիններին,
  • Հրավիրեք բեռնափոխադրողի ներկայացուցչին` վնասված բեռը համատեղ զննելու նպատակով,
  • Բեռնափոխադրողի ներկայացուցչից պահանջեք բեռի վնասվածության վերաբերյալ գրավոր վկայություն,
  • Բեռնափոխադրողին ներկայացրեք գրավոր բողոք,
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության ներկայացուցչին տեղեկացրեք բոլոր այն ունեցվածքային բնույթի պահանջների ու բողոքների մասին, որոնք առաջացել են ապահովագրական պատահարի հետևանքով,
  • Պարբերաբար իրազեկեք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությանը պատահարի հետաքննության ընթացքի, դրա պատճառների ու հետևանքների մասին:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրական հայտ ներկայացնելու համար:

Ապահովագրական հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ են հետեւյալ փաստաթղթերը`

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն պատահարից հետո 7 օրվա ընթացքում

  • Ապահովագրական պատահարի մասին հայտային դիմում,
  • Մաքսային մարմնի կողմից պատահարի փաստը հավաստող փաստաթղթեր,
  • Բեռի կորստի դեպքում` ՀՀ տրանսպորտային ոստիկանության կողմից տրված տեղեկանք,
  • Բեռանափախադրողի կողմից տրված ակտ կամ փորձագետի եզրակացություն կորստի վերաբերյալ,
  • Վնասի չափը հաստատող փաստաթուղթ (պահանջի դեպքում)
  • Եթե վնասված բեռի հետ կապված ծախսերն իրականացվել են Ապահովադրի կամ Շահառուի կողմից, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև`
    1. վճարումը հավաստող փաստաթղերի բնօրինակները
    2. հաշիվ-ապրանքագիր

Ապահովագրողը իրավունք է վերապահում որոշ դեպքերում դիմողից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն, որը ընկերության կարծիքով կարող է հստակեցնել տեղի ունեցած պատահարի էությունը և վնասի չափը:

Վերջին թարմացում: