Search In Website

+37410592121

ԽՆԱՅԵ՛Ք ՁԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԵՎ ՕԳՏՎԵ՛Ք ՄԵՐ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ՀԱՐՑ–ՊԱՏԱՍԽԱՆ

Այս էջում հրատարակված են հաճախորդների կողմից մեզ առավել հաճախակի տրվող հարցերը և դրանց պատասխանները: Բոլոր հարցերը և պատասխանները տեղակայված են համապատասխան բաժիններում` ըստ ապահովագրության տեսակների:

Եթե Դուք ունեք որևէ հարց, որի պատասխանը չեք գտնում այս էջում, ապա ուղղե՛ք այն մեր chat-ին, որը գտնվում է կայքէջի աջ անկյունում կամ զանգահարե՛ք 010-59-21-21 և մենք սիրով կպատասխանենք Ձեզ:

Ընդհանուր հարցեր

Ի՞նչպես ձեռք բերել ապահովագրական վկայագիր:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական ըկերությունն առաջարկում է ապահովագրական վկայագրի ձեռք բերման հետևյալ տարբերակներ.

  • Կարող եք այցելել ընկերության մոտակա գրասենյակ
  • Զանգահարել մեր շուրջօրյա զանգերի կենտրոն 010 59 21 21 հեռախոսահամարով և պատվիրել պայմանագիր

Ընկերության հյուրընկալ անձնակազմը կօգնի Ձեզ կնքել ապահովագրության տարբեր տեսակների պայմանագրեր, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ:

Ես ցանկանում եմ մանրամասն ծանոթանալ ապահովագրության տեսակներին և պայմաններին, սակայն խիստ զբաղված եմ և չեմ կարողանում ազատ ժամանակ գտնել Ձեր գրասենյակ այցելելու համար: Ինչո՞վ կարող եք օգնել ինձ:

Ընդամենը անհրաժեշտ է գրել մեր chat-ին, որը գտնվում է կայքէջի աջ անկյունում կամ զանգահարել 010 59-21-21 և մեր անձնակազմը մանրամասն կներկայացնի հետաքրքրող ապահովագրության տեսակների պայմանները:

Ո՞ր գրասենյակ է հարկավոր ներկայացնել փաստաթղթերը:

  • Առողջության, ճանապարհորդության ապահովագրության և տրանսպորտային պատահարի արդյունքում ստացված մարմնական վնասվածքի հետ կապված փաստաթղթերը ներկայացվում են ք. Երևան, Հրաչյա Քոչար 35/1  հասցեում գտնվող ոչ գույքային տեսակներով հայտերի կարգավորման կենտրոն
  • Գույքային ապահովագրության տեսակներով պատահարների մասով փաստաթղթերը ներկայացվում են ք. Երևան, Հրաչյա Քոչար 35/1  հասցեում գտնվող գույքային տեսակներով հայտերի կարգավորման կենտրոն
  • Մնացած բոլոր դեպքերում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ գլխամաս՝ ք. Երևան, Հանրապետության 51, 53
ԱՊՊԱ

Որքա՞ն ժամանակ է հարկավոր, որպեսզի ապահովագրական ընկերության մասնագետը ժամանի դեպքի վայր:

Ապահովագրական ընկերության մասնագետը գրասենյակից դուրս է գալիս պատահարի ծանուցումը ստանաուց 15 րոպեների ընթացքում և հնարավորինս արագ հասնում է դեպքի վայր:

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ ԱՊՊԱ պատահար տեղի ունենալու դեպքում:

  • Վարորդի անձնագիր
  • Վարորդական իրավունքի վկայական
  • Մեքենայի գրանցման վկայական (մշտական կամ ժամանակավոր)
  • Սեփականատիրոջ անձնագիր (եթե վարորդը չի հանդիսանում սեփականատեր)
  • Հաշվեհամար, որին պետք է փոխանցվի գումարը
  • Մեքենայի առքուվաճառքի պայմանագիր (եթե առկա է)
  • Սեփականության վկայական կամ առքուվաճառքի պայմանագիր
  • Լիազորագիր (եթե սեփականատիրոջ փոխարեն հանդես է գալիս այլ անձ) նոտարական վավերացումը պատադիր չէ
  • Ճանապարհային ոստիկանության կողմից տրված համապատասխան փաստաթուղթ (եզրակացություն կամ որոշում) կամ համաձայնեցված հայտարարագիր (եթե վնասի չափը մինչև 200.000 ՀՀ դրամ է, եթե պատահարը տեղի է ունեցել Երևան քաղաքում, մարզերում՝ 100.000 ՀՀ դրամ)
Տրանսպորտային միջոցների ապահովագրություն

Ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահար:

Ապահովագրական պատահարի դեպքում անհրաժեշտ է.

  • Անհապաղ հայտնել համապատասխան իրավասու պետական մարմիններին
    1. Ճանապարհատրանսպորտային պատահար` ՀՀ ճանապարհային ոստիկանություն 1-77, 010 52-27-63
    2. Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ` ՀՀ ոստիկանություն  1-02
    3. Հրդեհ, պայթյուն` Հրշեջ ծառայություն 1-01
    4. Տարերային աղետներ` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն  911
    5. Մարմնական վնասվածքներ` Շտապ բուժօգնության ծառայություն 1-03
  • Անհապաղ զանգահարել 010 59-21-21 և պատահարի մասին տեղեկացնել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ և հետևել մասնագետի ցուցումներին
  • Չտեղաշարժել ՏՄ-ն մինչև իրավասու մարմինների և «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ մասնագետների ժամանումը
  • Նշել պատահարում ներգրավված այլ ՏՄ-ների պետհամարանիշները
  • Հնարավորության դեպքում նկարահանել (բջջային հեռախոսով) պատահարի վայրը և ավտոմեքենաների դիրքերը
  • Կտրականապես զերծ մնալ մեղավորություն ճանաչելուց կամ այլ պայմանավորվածություններից
  • Ստորագրելուց առաջ մանրամասն կարդալ պատահարի վերաբերյալ իրավասու մարմնի կողմից կազմված վթարային և այլ փաստաթղթերը
  • ՀՀ ՃՈ կամ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ աշխատակցի ցուցումով անցնել սթափության զննություն:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրական հայտ ներկայացնելու համար:

Ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ հիմնական փաստաթղթերը`

  • Ապահովագրական հատուցման դիմում
  • Ապահովագրության պայմանագիր
  • Անձը հաստատող փաստաթուղթ (իրավաբանական անձի դեպքում պետական գրանցման վկայականը՝ ղեկավար անձի տվյալները պարունակող ներդիրով)
  • Լիազորագիր, եթե դիմում է ոչ սեփականատերը
  • Վարորդի վարորդական իրավունք և անձնագիր
  • ՏՄ հաշվառման վկայագրի (տեխնիկական անձնագրի) բնօրինակ կամ հաստատված կրկնօրինակ, եթե ՏՄ գտնվում է արգելանքի տակ

Ինչպես նաև.

  • ՃՏՊ-ի դեպքում՝
    • Հատուցման ստանդարտ ընթացակարգ
      • Վարորդի սթափության զննության արձանագրություն (բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերության ներկայացուցիչը ազատել է վարորդին նման քննություն անցնելու պարտականությունից)
      • Պատահարի տեղի ունենալու փաստը հաստատող փաստաթուղթ (ՃՈ եզրակացություն և/կամ քննիչի որոշում)
      • ՃՏՊ սխեմա` կազմված ՃՈ կողմից
      • Վարորդի կամ վարորդների բացատրություններ
      • Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացություն*
      • Հետքաբանական փորձաքննության եզրակացություն*

*Ընկերության պահանջի դեպքում

  • Հատուցման պարզեցված (արագացված) ընթացակարգ՝
    1. Միայն վերը նշված հիմնական փաստաթղթերը
  • Հրդեհի դեպքում՝
    1. Հրդեհատեխնիկական փորձաքննության եզրակացություն
  • Առևանգման դեպքում՝
    1. ՏՄ փականների բանալիների բնօրինակների ամբողջ հավաքածուն
    2. Պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդագրության փաստը արձանագրող կտրոն
    3. Քրեական գործ հարուցելու մասին որոշում
    4. Քրեական գործի քննության արդյունքների վերաբերյալ որոշում
  • Երրորդ անձանց հակաօրինական գործողությունների դեպքում՝
    1. Պատահարի վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը տրված հաղորդագրության փաստը արձանագրող կտրոն
    2. Քրեական գործ հարուցելու մասին որոշում
    3. Քրեական գործի քննության արդյունքների վերաբերյալ որոշում
  • Տարերային աղետների դեպքում՝
    1. Պատահարի փաստը հավաստող տեղեկանք` տրված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կամ օդերևութաբանական ծառայության կամ այլ լիազոր մարմինների կողմից:

Ապահովագրական հատուցման դիմումն անհրաժեշտ է ներկայացնել պատահարից հետո 60 օրվա ընթացքում, իսկ մնացած փաստաթղթերը՝ հատուցման դիմումի ներկայացվան օրվանից հետո 60 օրվա ընթացքում:

Ի՞նչ առավելությունների ունի «Հատուցման արագացված վարույթը»:

«Ապահովագրական գործի քննության և ապահովագրական հատուցման իրականացման արագացված վարույթը» հնարավորություն է տալիս կարգավորել ավելի պարզ պատահարները, առանց համապատասխան իրավապահ մարմինների ներգրավման և առանց հավելյալ  փորձաքննության անցկացման, պատահարից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
Սույն վարույթը կիրառվում է բացառապես այն դեպքերում, երբ դրա կիրառմանը չի առարկում Ապահովադիրը (Շահառուն կամ լիազորված վարորդը):

Ձեր ընկերության ԿԱՍԿՈ ապահովագրության վկայագիրը միայն Հայաստանի Հանրապետությունու՞մ է գործում:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ»-ի ԿԱՍԿՈ ապահովագրության վկայագրի գործողությունը չի սահմանափակվում միայն Հայաստանի Հանրապետության տարածքով: Այն ներառում է նաև համախառն 30 օր ծածկույթ ամբողջ աշխարհում:

Սա մեր Ընկերության մրցակցային առավելություններից մեկն է:

Արդյո՞ք ԿԱՍԿՈ ապահովագրությունը տրամադրում է ապահովագրական ծածկույթ լրացուցիչ սարքավորումների համար, թե՞ դրանք պետք է առանձին ապահովագրել:

Լրացուցիչ սարքավորումները ապահովագրվում են առանձին` ի լրումն ԿԱՍԿՈ ապահովագրության: Սակայն այդ սարքավորումները ենթակա չեն ապահովագրության, եթե ապահովագրված չէ տրանսպորտային միջոցը, որին դրանք պատկանում են:

Ես կնքել եմ տրանսպորտային միջոցների ապահովագրության պայամանգիր Ձեր ընկերության հետ: Բացի ինձանից ո՞վ իրավունք ունի վարել իմ մեքենան` առանց ապահովագրության վրա որևէ ազդեցության:

Համաձայն տրանսպորտային միջոցների ապահովագրության կանոնների` Ձեր տրանսպորտային միջոցը կարող է վարել այն անձը ում Ձեր պայմանագրում նշել եք որպես լիազորված վարորդ:

Արդյո՞ք մեքենայի գիշերային կայանի վայրը ազդում է ապահովագրության վճարի չափի վրա:

Ապահովագրության վճարի չափի վրա ազդում են մի շարք գործոններ, որնցից են հակաառևանգման համակարգի առկայությունը, տրանսպորտային միջոցի շահագործման վայրը, հիմնական կայանատեղերում տեսաձայնագրող սարքերի առկայությունը, այդ թվում նաև գիշերային կայանի վայրը:

Գույքի ապահովագրություն

Ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահար:

Եթե Ձեր գույքը վնասվել է կամ ոչնչացվել է ամբողջությամբ, ապա պատահարից անմիջապես հետո անհրաժեշտ է`

  • Ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները վնասները կանխելու կամ նվազեցնելու և ապահովագրված գույքը փրկելու նպատակով,
  • Անհապաղ զանգահարել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերություն 010 59 21 21 հեռախոսահամարով, հայտնել պատահարի մասին և հետևել մասնագետի ցուցումներին,
  • Պատահարի մասին տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին (իրավապահ մարմիններ, հրշեջ ծառայություն, համայնքի ինժեներ),
  • Նկարահանել վնասված գույքը,
  • Չիրականացնել որևէ գործողություն, որը կփոփոխի վնասված գույքի պատկերը (եթե գործողությունները չեն ձեռնարկվել վնասի չափը նվազեցնելու կամ կանխելու նպատակով),
  •  Եթե գույքը վնասվել է այլ անձանց մեղքով` խստորեն արգելվում է ձեռք բերել որևէ համաձայնություն առանց «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության համաձայնության:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրական հայտ ներկայացնելու համար:

Պատահարի վերաբերյալ ապահովագրական հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

1.Հրդեհի դեպքում

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում,
  • Ապահովագրական վկայագիր,
  • Հրդեհը հավաստող արձանագրություն,
  • Հրդեհի պատճառի մասին փորձագիտական եզրակացություն,
  • Վնասի չափը հաստատող փաստաթղթեր,
  • Գույքի սեփականատիրոջ անձնագրի պատճեն,
  • Գույքի սեփականաշնորհման վկայականի պատճեն:

2. Գողության կամ երրորդ անձանց հակաօրինական գործողությունների դեպքում

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում,
  • Ապահովագրական վկայագիր (պայմանագիր),
  • Գողության հայտարարագիր (ծանուցման կտրոն),
  • Քննիչի նախնական որոշումը քրեական գործ բացելու/չբացելու վերաբերյալ,
  • Գույքի սեփականաշնորհման վկայականը (բնօրինակ կամ հաստատված կրկնօրինակ, եթե գույքը գտնվում է արգելանքի տակ),
  • Քրեական գործի հետաքննության արդյունքների վերաբերյալ ոստիկանությունից ստացված վերջնական որոշում,
  • Վնասի չափը հաստատող փաստաթղթեր:

3. Տարերային աղետների դեպքում

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում,
  • Ապահովագրական վկայագիր,
  • Գույքի սեփականաշնորհման վկայականի և սեփականատիրոջ անձնագրի պատճեները,
  • Պատահարը հավաստող տեղեկանք` տրված օդերևութաբանական ծառայությունների կամ այլ լիազոր մարմինների կողմից,
  • Վնասի չափը հաստատող փաստաթղթեր:

4. Ջրից վնասվելու դեպքում

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում,
  • Ապահովագրության վկայագիր ,
  • Պատահարը հավաստող արձանագրություն` տրված համապատասխան լիազոր մարմնի կողմից,
  • Պատահարի պատճառի մասին փորձագիտական եզրակացություն,
  • Վնասի չափը հաստատող փաստաթղթեր,
  • Գույքի սեփականատիրոջ անձնագրի պատճեն,
  • Գույքի սեփականաշնորհման վկայականի պատճեն:

Ի՞նչ ժամկետներում է վճարվում ապահովագրական հատուցումը:

Մեր ընկերությունում ապահովագրական հատուցումը վճարվում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օրվանից սկսած առավելագույնը 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Ճամփորդության ապահովագրություն

Ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահար:

Արտերկրում ուղևորության ժամանակ տեղի ունեցած ապահովագրական պատահարների դեպքում անհրաժեշտ է`

  • Պատահարի մասին տեղեկացնել պատահարի վայրի համապատասխան իրավասու մարմիններին (հյուրանոցի ադմինիստրացիային, տրանսպորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին, տեղական իրավապահ մարնիններին) և տեղեկացնել ապահովագրության առկայության մասին,
  • Անմիջապես զանգահարել ծառայողական կենտրոն և տեղեկացնել պատահարի մասին` Ապահովագրական վկայագրի առաջին էջում նշված հեռախոսահամարով (+7 495 258 85 59) կամ կապնվել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության հետ,
  • Ծառայողական կենտրոնի աշխատակիցներն անմիջապես կարձագանքեն և կկազմակերպեն համապատասխան բժշկական օգնությունը,
  • Պայմանագրով հատուցվող ապահովագրական պատահարի հետևանքով առաջացած բոլոր ծախսերը իրականացվում են ծառայողական (ասիստանս) կենտրոնի կողմից և հատուցվում են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության կողմից:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրական հայտ ներկայացնելու համար:

Եթե ապահովագրական պատահարից հետո ծառայողական կենտրոն զանգահարելու հնարավորություն չի եղել, ապա պատահարի մասին հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է արտերկրից վերադառնալուց հետո 30 օրացուցային օրվա ընթացքում ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • Ապահովագրական պատահարի մասին գրավոր դիմում, որտեղ մանրամասն պետք է նշված լինեն`
    1. պատահարի հանգամանքներ և բնույթը
    2. արտասահմանյան ուղևորության ժամկետները
    3. պատահարի պատճառները
    4. պատահարից անմիջապես հետո ծառայողական կենտրոն չզանգահարելու պատճառները
  • Ապահովագրական վկայագրի պատճենը (պահանջի դեպքում նաև բնօրինակը),
  • բժշկական փաստաթղթեր, որոնք պարունակում են տեղեկատվություն ապահովագրված անձի դիմելու ամսաթվի և առողջական վիճակի, բժշկական օգնության, տևողության և այլնի վերաբերյալ,
  • տվյալ հիվանդության հետ կապված բժշկի կողմից դուրս գրված դեղատոմսերը, որոնք պետք է ներառեն դեղատան կնիքը և ձեռք բերված դեղամիջոցների գները,
  •  բժշկի կողմից նշանակված լաբորատոր-գործիքային հետազոտությունների ցանկը, դրանց արդյունքները, յուրաքանչյուր ծառայության համար առանձին նշված գնով և ամսաթվով,
  • մատուցված ծառայությունների համար բժշկական հաստատության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի բնօրինակը, որը պետք է ներառի Ապահովագրված անձի ազգանունը, բժշկական եզրակացությունը, բուժօգնության համար դիմելու ամսաթիվը, բուժման տևողությունը, տրամադրված ծառայությունների ցանկը` դասակարգված ըստ գնի և տևողության, ծառայությունների ընդհանուր արժեքը,
  • դեղամիջոցների, բուժման և այլ ծառայությունների համար կատարված վճարումները հավաստող փաստաթղթեր,
  •  ապահովագրական հատուցում ստացող անձի ինքնությունը հավաստող փաստաթուղթ:

Ես գնել եմ ուղևորության ապահովագրության վկայագիր, սակայն ուղևորությունը ձախողվել է: Արդյո՞ք կարող եմ դադարեցնել ապահովագրության վկայագիրը և վերադարձնել վճարված գումարները:

Իհարկե ապահովագրության վկայագիրը հեշտությամբ կարող է դադարեցվել և ճանաչվել անվավեր: Սակայն հարկ է նշել, որ.

  • Ընկերությունը վերադարձնում է ապահովագրավճարը վկայագրի գործողության չլրացված օրերի համար:
  • Ընկերությունը չի վերադարձնում ապահովագրավճարը, եթե Ապահովագրված անձը չի ուղևորվել այն պետություն, որը նշված է ապահովագրության Վկայագրում և նրա մոտ առկա է տվյալ երկրի գործող վիզա (մուտքի արտոնագիր), ինչպես նաև այն դեպքում երբ ապահովագրված անձը հայտնում է իր չուղևորվելու մասին` Վկայագրում նշված ապահովագրության ժամկետի ավարտից հետո:
  • Ընկերությունը ամեն դեպքում ապահովագրավճարից պահում է 1.000 ՀՀ դրամ (գործավարման ծախսեր), եթե ուղևորության չկայանալու մասին նա տեղեկացվել է մինչ վկայագրի գործողության սկիզբը:

Ի՞նչ է հարկավոր ապահովագրության վկայագիր ձեռք բերելու համար:

Ուղևորության ապահովագրության վկայագրի ձեռքբերման համար անհրաժեշտ են  ուղևորվող անձի անձնագրային տվյալները և ուղևորության հստակ ժամկետները: Վկայագրի թողարկումը կտևի ընդամենը 5 րոպե:

Կամավոր բժշկական ապահովագրություն

Ո՞ր բժշկական հաստատությունների հետ է համագործակցում Ձեր ընկերությունը:

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ համագործակցում է  Երևանում և ՀՀ տարածքում գործող լիցենզավորված բժշկական հաստատությունների հետ: Եթե Դուք ապահովագրված եք մեր Ընկերությունում, ապա կարող եք ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն ցանկացած արտոնագրված բժշկական հաստատությունում:
Սպասարկման բարձր որակի ապահովման համար խնդրում ենք մինչ բժշկին դիմելը խորհրդակցել մեր բժիշկ-փորձագետի հետ:

Ո՞ր բժշկական կենտրոնների հետ է համագործակցում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ:

ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ԱՓԲԸ համագործակցում է Երևան քաղաքի,  ՀՀ մարզային, ինչպես նաև ԼՂՀ տարածքում գտնվող բոլոր բժշկական կենտրոնների հետ:

Բեռնափոխադրումների ապահովագրություն

Ի՞նչ անել եթե տեղի է ունեցել պատահար:

Ապահովագրված բեռը ստանալիս առաջին հերթին համոզվեք`

  • բեռի քանակի,
  • փաթեթավորման ամբողջականության,
  • կապարակնիքի պահպանվածության մեջ:

Եթե կհայտնաբերեք որևէ խախտում կամ վնասվածք, ապա անմիջապես`

  • Պարզեք վնասի պատճառները և ձեռնարկեք միջոցառումներ հետագա կորուստները կանխելու նպատակով,
  • Զանգահարեք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերություն և հայտնեք պատահարի մանրամասները,
  • Տեղեկացրեք իրավասու մարմիններին վնասվածքների հայտնաբերման մասին,
  • Գողության դեպքում ամիջապես հայտնեք իրավապահ մարմիններին,
  • Հրավիրեք բեռնափոխադրողի ներկայացուցչին` վնասված բեռը համատեղ զննելու նպատակով,
  • Բեռնափոխադրողի ներկայացուցչից պահանջեք բեռի վնասվածության վերաբերյալ գրավոր վկայություն,
  • Բեռնափոխադրողին ներկայացրեք գրավոր բողոք,
  • «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության ներկայացուցչին տեղեկացրեք բոլոր այն ունեցվածքային բնույթի պահանջների ու բողոքների մասին, որոնք առաջացել են ապահովագրական պատահարի հետևանքով,
  • Պարբերաբար իրազեկեք «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությանը պատահարի հետաքննության ընթացքի, դրա պատճառների ու հետևանքների մասին:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապահովագրական հայտ ներկայացնելու համար:

Ապահովագրական հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ են հետեւյալ փաստաթղթերը`

Բոլոր փաստաթղթերը պետք է ներկայացվեն պատահարից հետո 7 օրվա ընթացքում

  • Ապահովագրական պատահարի մասին հայտային դիմում,
  • Մաքսային մարմնի կողմից պատահարի փաստը հավաստող փաստաթղթեր,
  • Բեռի կորստի դեպքում` ՀՀ տրանսպորտային ոստիկանության կողմից տրված տեղեկանք,
  • Բեռանափախադրողի կողմից տրված ակտ կամ փորձագետի եզրակացություն կորստի վերաբերյալ,
  • Վնասի չափը հաստատող փաստաթուղթ (պահանջի դեպքում)
  • Եթե վնասված բեռի հետ կապված ծախսերն իրականացվել են Ապահովադրի կամ Շահառուի կողմից, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև`
    1. վճարումը հավաստող փաստաթղերի բնօրինակները
    2. հաշիվ-ապրանքագիր

Ապահովագրողը իրավունք է վերապահում որոշ դեպքերում դիմողից պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն, որը ընկերության կարծիքով կարող է հստակեցնել տեղի ունեցած պատահարի էությունը և վնասի չափը:

Վերջին թարմացում: